Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երբ անհնար է Ոսկեդար վերադառնալ

Երբ անհնար է Ոսկեդար վերադառնալ
22.03.2016 | 01:09

Հազիվ թե գտնվի մարդ, որ լսած չլինի պատմության ավարտի՝ Ֆրենսիս Ֆուկույամայի տեսության մասին: 1992-ին նա հրապարակեց «Պատմության ավարտը» գիրքը, նրա տեսակետները վիճարկվում, բայց չեն հերքվում: Ֆուկույաման ասում էր, որ Բեռլինի պատը քանդվելուց և Արևմուտքի հաղթանակից հետո ազատական ժողովրդավարությունը կորցրեց այլընտրանքը և հետայդու պիտի մշտապես հաղթի աշխարհում: Ավարտվեց պատմությունը, թե ոչ, դատեք ինքներդ: Նպատակ ունի՞ պատմությունը: Ֆուկույաման ասում է՝ այո, բայց մեխանիկական գործընթաց չէ, պատմությունը շարժվում է մեկ առաջ, մեկ՝ հետ, սակայն հասարակությունը չի կարող մշտապես վերադառնալ զարգացման նախընթաց փուլին: Գերմանական Die Zeit թերթին տված հարցազրույցում ամերիկացի քաղաքագետը անդրադարձել է արդի քաղաքական օրակարգի խնդիրներին ու տվել ինքնատիպ, գուցե նաև վիճելի բացատրություններ: Թեպետ Միխայել Տումանի և Թոմաս Ասհոյերի հարցազրույցում «Հայաստան» ու «հայեր» բառերը չկան, հարցերը, որ քննարկվել են, լիովին վերաբերում են մեզ, եթե մենք մեզ համարում ենք աշխարհի մաս և չենք հավակնում բացարձակ ինքնատիպության ու աննախադեպ պատմության:
Դոնալդ Տրամպից մինչև Գերմանիայի «Այլընտրանք» կուսակցություն՝ պոպուլիզմը ամենուրեք բարդ պայմաններ է ստեղծում ավանդական քաղաքական գործիչների համար: «Որքանո՞վ է վտանգավոր պոպուլիզմը» հարցին Ֆրենսիս Ֆուկույաման պատասխանում է, որ պոպուլիստական կուսակցությունները ընդհանուր սոցիալական հիմքեր ունեն դիրքերն ուժեղացնելու համար: Դա վտանգավոր գործընթաց է, որ վերաբերում է ոչ միայն հասարակության ցածր խավերին, առաջին հերթին հին բանվոր դասակարգի և միջին դասի ներկայացուցիչներն են կորցրել ոտքի տակի հողը և սոցիալական սանդղակով ավելի ցած գլորվելու վախ ունեն: Մյուսները վախենում են, որ լիովին կաղքատանան: Միասին նրանք դառնում են այն ընտրախավը, որ ԱՄՆ-ում ձայն է տալիս Դոնալդ Տրամպին, Լեհաստանում՝ Կաչինսկուն, Հունգարիայում՝ Օրբանին, Ֆրանսիայում՝ Մարին Լե Պենին: Եվրոպացիները համընդհանուր բարեկեցության զարգացած պետություն ունենալու շնորհիվ առավել պաշտպանված են, սակայն սոցիալական բազում խնդիրներն ամենուր դժգոհություն են ստեղծում: Պոպուլիստական կուսակցությունների կողմնակիցները համոզված են, որ գլոբալացումը իրենց համար ոչ շահեկան վիճակ է ստեղծել: Ֆուկույամայի կարծիքով՝ ԱՄՆ-ի հաջորդ նախագահը Հիլարի Քլինթոնն է լինելու, սակայն որոշակի պայմաններում Տրամպը կարող է հաջողության հասնել: Հիլարի Քլինթոնը բավականաչափ խոցելի է: Նրա քաղաքական անցյալում տհաճ պահեր կան, ու նրան լիովին չեն վստահում: Եթե Տրամպը դառնա նախագահ, կկատարվի հետքայլ՝ կարծում է Ֆուկույաման: Ամերիկացիների հավատը ինստիտուտների նկատմամբ շատ ուժեղ է, և Տրամպին չի հաջողվի համակարգն ամբողջությամբ ջարդել: Ֆուկույամային լավատեսություն է ներշնչում, որ Տրամպը օպորտունիստ է և գաղափարական խոր համոզմունքներ չունի: Նա ձեռներեց է և եթե իշխանության գա, զբաղվելու է գործարքներ կնքելով: Բուն գաղափարը, որ նման մարդը կարող է պետության ղեկավար դառնալ, արդեն կործանարար է: Բայց Տրամպի հաջողությունը չի վկայում մշակույթի ճգնաժամ: Նրա կողմնակիցները հիմնականում տարիքով, սպիտակ, բանվոր դասակարգի ներկայացուցիչներն են: Նրանց եկամուտները իրենց հայրերի եկամուտներից նվազել են, և նրանք իրենց զգում են նոր ստորին դասում, ինչպես 20 կամ 30 տարի առաջ իրենց զգում էին աֆրոամերիկացիները: Երբ Տրամպը խոստանում է՝ «Մենք նորից Ամերիկան մեծ կդարձնենք», նրա խոսքերը կոնկրետ սոցիալական բովանդակություն ունեն այդ մարդկանց համար: Նրանք կցանկանային վերադառնալ 50-60-ականներ, երբ ԱՄՆ-ում աճի բարձր տեմպեր էին, բարձր եկամուտներ, զբաղվածություն, նախ և առաջ՝ հարստությունը բավականաչափ հավասար էր բաշխված: Դեմոկրատներն էլ, հանրապետականներն էլ ուզում են վերադառնալ հին, բարի ժամանակներ:

Դեմոկրատներն ուզում են, որովհետև, նրանց կարծիքով, այն ժամանակ նոր կուրսը մեծ ազդեցություն ուներ, սոցիալական քաղաքականությունը շատ էր, իսկ կառավարությունը վճռական դեր ուներ: Հանրապետականները փառաբանում են այդ ժամանակները, որովհետև ԱՄՆ-ը և հայրենասիրությունն այն ժամանակ նշանակալից դեր ունեին:
Բայց անհնար է Ոսկեդար վերադառնալ: Թվային տեխնոլոգիաները նույնպես խժռում են աշխատատեղերը, ոչ միայն անպետք են դարձնում ոչ որակյալ աշխատանքը, այլև ոչնչացնում են միջին դասի աշխատատեղերը: Առայժմ կորած աշխատատեղերը փոխարինվել են նորերով: Նախ` մարդը ֆերմեր էր, հետո՝ ֆաբրիկայի բանվոր, հետո՝ ծառայության ոլորտի աշխատող: Այդ ժամանակն անցել է: Այլևս ելակետային չէ թեզը, որ տեխնոլոգիական գործընթացը նոր աշխատատեղեր է ստեղծում: Նոր տեխնոլոգիաները ժողովրդավարության համար բեռ են, ինչպես կլիմայի տաքացումը և աճի մյուս խանգարիչ հանգամանքները: Ժողովրդավարության և կապիտալիզմի կայունությունը կախված է տնտեսության մշտական աճից: Առանց աճի ոչինչ չի լինելու բաշխելու, և նշանակալից անհավասարություն է ստեղծվում, որ մարտահրավեր է համակարգի լեգիտիմությանը: Արդյունքում շանս են ստանում պոպուլիստները: Ժողովրդավարությունը պիտի լսի նրանց ձայնը: Գուցե անգամ ժողովրդավարության ապագան կախված է դրանից: Խնդրի մի մասն է, որ սոցիալ-դեմոկրատական ձախ ուժերը սովոր են պահանջել սոցիալական երաշխիքներ և վերաբաշխում: Ֆուկույաման վստահ չէ, որ այդ համակարգը դեռ աշխատում է, որովհետև խնդիրներն այլևս չեն լուծվում ազգային մակարդակում: Բացառիկ դժվար գործ է՝ ստեղծել նույնականություն և ընդհանրության զգացում՝ չդիմելով ազգային պետության օգնությանը: Եվրամիության լուրջ պրոբլեմն է, որ չափազանց տեխնոկրատ լուծումներ են տալիս հարցերին: Խոսում էին տնտեսական ինտեգրման մասին, բայց ոչ ոք չէր մտահոգվում առավել խոր եվրոպական նույնականության ձևավորմամբ: Այդ պատճառով ձախ պոպուլիստների համար դժվար չէ ճգնաժամի պայմաններում օգտագործել երկրում եղած դժգոհությունը: Ակնհայտ է, որ զուտ տնտեսական ինտեգրումը բավարար չէ: Նույնականություն հնարավոր է ստեղծել: ԱՄՆ-ը այդ առումով լավագույն օրինակ է, ըստ Ֆուկույամայի, նույնականությունը հիմնվում է ոչ թե էթնիկ կամ կրոնական կատեգորիաների վրա, այլ սահմանադրության և ժողովրդավարության սկզբունքների նկատմամբ չեզոքության: Նույնականության դեֆիցիտը շանսեր է տալիս Օրբանի ու Պուտինի պես ղեկավարներին: Բայց օրբանականությունն ու պուտինականությունը երկար չեն կարող գոյատևել: Գլոբալացման պայմաններում հասարակությունները հակված են բազմամշակութայնության: Արևելյան Եվրոպան հիմա այդ գործընթացում է: Լիբերալիզմը հայտնվեց եվրոպական կրոնական պատերազմների ավարտից հետո, երբ Եվրոպան հարկադրված էր ապրել սովորել կրոնական բազմազանության պայմաններում: Ռացիոնալ լուծում դարձավ կրոնական հանդուրժողականության ուսմունքը, որ կաթոլիկներին ու բողոքականներին սովորեցրեց կողք կողքի ապրել: Մերձավոր Արևելքում սուննիների ու շիաների քաղաքացիական պատերազմին վերջ դնելու միակ հնարավորությունը կրոնը անձնական խնդիր հայտարարելն է: Պետական իշխանությունն այլևս չպետք է այս կամ այն կրոնական համայնքի կողմն անցնի: Լիբերալիզմը ռացիոնալ որոշում է բազմազանության պայմաններում կառավարման համար, մինչդեռ օրբանականությունն ու պուտինականությունը մերժում են բազմազանությունը: «Չի՞ ավարտվում լիբերալիզմի դարաշրջանը» հարցին Ֆրենսիս Ֆուկույաման պատասխանում է՝ հազիվ թե երբևէ եղել է լիբերալիզմի դարաշրջան: Լիբերալիզմը երբեք ինքնաբավ չի եղել, միշտ գոյություն է ունեցել ժողովրդավարության որոշակի տեսակի և որոշակի տնտեսակարգի հետ: Անհրաժեշտ են որոշակի մշակութային շրջանակներ, որոնց մի մասը խնդրահարույց է դարձել: Էլեկտրաէներգիայի արտադրությունը և ժողովրդավարության դեֆիցիտը սերտ կապված են միմյանց: Հարուստ հումքային ռեսուրսներ ունեցող երկրները կարող են հարկերը ցածր մակարդակի վրա պահել, բայց հենց հումքի վաճառքից եկամուտները նվազում են, այդ երկրները հայտնվում են խոր ճգնաժամում: Դա երևում է Ռուսաստանի օրինակով: Ժողովրդավարության համար դա առավելություն է, որովհետև ավտորիտար երկրները կորցնում են գրավչությունը և դադարում են լիբերալիզմի այլընտրանք թվալ: Լրագրողների առարկությանը, թե Պուտինը հիանալի տրամադրություն ունի, իրեն մեծ և ուժեղ է զգում ու շատ կողմնակիցներ ունի, Ֆուկույաման պատասխանել է, որ իրեն զարմացնում է, թե Ռուսաստանում որքան կատարյալ է գործում կառավարությունը, որ կարողանում է զանգվածային լրատվամիջոցներով հմուտ կառավարել հասարակական կարծիքը: Ֆուկույամայի դոկտորական թեզը եղել է ԽՍՀՄ-ը, որտեղ ոչ ոք չէր հավատում կառավարության խոսքին: Մարդիկ հավատում էին հակառակին, ինչ գրում էր «Правда»-ն: Այսօր մեծամասնությունը կուրորեն վստահում է համակարգին ու լրատվամիջոցներին: Նրանք հավատում են, որ ուկրաինացիները խաչում են երեխաներին և նման քարոզչական հնարքներին, թեպետ բնավ կտրված չեն աշխարհից, ինտերնետ ունեն, ու Ռուսաստանը Հյուսիսային Կորեա չէ: Ինչո՞վ է բացատրվում հակալիբերալիզմի ձգողականությունը: Երկարաժամկետ հեռանկարում մարդիկ բավականին ռացիոնալ արարածներ են, բայց պարտադիր չէ, որ ռացիոնալ լինեն կարճաժամկետ հեռանկարում: Ռուսաստանի համար վճռական նշանակություն է ունենալու տնտեսության վիճակը, նրանց սպասում են լուրջ խնդիրներով տասնամյակներ, երբ մարդիկ, ցավոք, կզգան ինչ քաղաքական համակարգում են ապրում: Դա արդեն վատ է, բայց առավել վտանգավոր է միջազգային հարաբերությունների առումով: Պուտինը բարդ իրավիճակներում կարող է ապավինել միայն ազգայնականությանը: Ազգայնականությունն է նրա դերը լեգիտիմացնում, դա տագնապահարույց է: Եթե Պուտինն ասում է՝ ես եմ լավագույն Արևմուտքը, ես ավելի լավ եմ պահպանում քրիստոնեական եվրոպական արժեքները, ի՞նչ է խոստանում Արևմուտքը հարցին Ֆուկույաման պատասխանում է, որ Մայդանը ցույց տվեց՝ որքան գայթակղիչ կարող են եվրոպական արժեքները լինել, բայց ԱՄՆ-ի ու Եվրոպայի էլիտաները վերջին 20 տարում չեն արդարացնում ակնկալիքները: Ֆինանսական ճգնաժամը լուրջ հետևանքներ ունեցավ, շատ խղճուկ էին ճգնաժամը հաղթահարելու փորձերը: Ճգնաժամը մարդկանց խոր վախն առաջացրեց, շատերը աշխատանքը կորցրին, և հիմա գերակայում է անվստահության ու անկայունության զգացումը: Ժողովրդավարությունը չի կարող ինքն իրեն գործել, պետք է նորացնել ինստիտուտները: Ֆուկույաման կարծում է, որ քանի դեռ ԱՄՆ-ը չի կարգավորել իր քաղաքական համակարգը, պետք է հրաժարվի ամբողջ աշխարհում ժողովրդավարական արժեքների քարոզչությունից: Իսկ Եվրոպան բախվում է եվրոյի ու փախստականների ճգնաժամին: Ճգնաժամի պայմաններում բոլորը վերադառնում են ազգային համերաշխությանը և գործում են մյուսների հաշվին: Նա վստահ չէ, որ Եվրոպան ինտեգրման առավել բարձր մակարդակի կհասնի, բայց այնքան հոռետես չէ, որ ԵՄ-ի վերջը կանխատեսի՝ եվրոպական ինստիտուտները բարդ է բեկանել, ԵՄ-ը կշարունակի խուսանավել ճգնաժամից ճգնաժամ, բայց կպահպանի գոյությունը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Տեղին կլիներ գրել Ընտրական օրենսգրքի, ԼՂ հարցի զարգացումների, ներքաղաքական խմորումների մասին, անդրադառնալ ԱԺ քառօրյային ու հատկապես շինարարներին վաստակավորի կոչում տալ-չտալու քննարկմանը, որ անսպասելի շերտեր բացեց խորհրդարանում, բայց այդ ամենի մասին այնքան է գրվել ու դեռ կգրվի: Հաճախ մեր ընկալումներում մենք մոռանում ենք մեծ աշխարհի գոյությունը, իսկ այդ աշխարհը կա ու ներգործում է մեզ վրա: Խնդիրն այդ ազդեցությունը կառավարելն է, իսկ կառավարելու համար նախ պետք է տեղյակ լինել ու հասկանալ:

Դիտվել է՝ 2351

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ